Բոլորս գիտենք, թե ինչ է բրենդը, այնպես չէ՞։ Դե հիմա պատկերացնենք, որ բրենդի հիմքում հենց մենք ենք՝ անհատներս։ Անձնական բրենդ ստեղծելը շատ դրական կողմեր ունի, որոնց շնորհիվ հնարավոր է հասնել հաջողությունների՝ զարգացնելով թե՛ բիզնեսը, թե՛ հեղինակությունը մեդիայում:
Ուզու՞մ եք դուք էլ աշխատել ձեր անձնական բրենդի վրա՝ ստեղծելով ձեր տարբերվող ու ազդեցի կերպարը։ Ուրեմն մեր այս խորհուրդները կօգնեն կողմնորոշվել, ձևավորել ու զարգացնել ձեր անձնական բրենդը։
Ո՞րն է ձեր տեսլականը
Անձնական բրենդի զարգացումը կախված է հենց ձեր սեփական տեսլականից:
Ինչպե՞ս եք ցանկանում ներկայանալ: Մի շտապեք պատասխանել, չէ՞ որ հենց այս հարցի պատասխանն է լինելու ձեր բրենդի հիմքում:
Այո, սա կարող է անկարևոր թվալ, բայց հենց ձեր մտքերն ու գաղափարներն են բերում բրենդի ստեղծման առաջին քայլերին։ Այնպես որ, մտածեք ձեր արժեքների, բնավորության, պատկերացումների և այլ մանրուքների մասին, որպեսզի հասկանաք, թե ինչն է ձևավորում ձեզ՝ որպես անհատ կամ որևէ ոլորտի մասնագետ։
Եթե մտքում արդեն ունեք այս հարցերի պատասխանները, ապա ժամանակն է անցնել գործի։ Ի դեպ, կարող եք գրի առնել կարևոր կետերը, իսկ հետո խմբագրել ու զարգացնել ձեր մտքերը:
Ո՞րն է ձեր թիրախային լսարանը
Ձեր տեսլականը հստակեցնելուց հետո կարելի է անցնել մյուս կետին՝ թիրախային լսարանին։ Այս հարցում ևս պետք է հաշվի առնել ցանկացած մանրուք՝ արժեքները, ակնկալիքները, անգամ համոզմունքները։ Այս տեղեկությունը կօգնի նպաստել ձեր անձնական բրենդի արագ առաջխաղացմանը։
Բացի դրանից, թիրախային լսարանի մասին տեղեկությունները ձեզ կտան ընդհանուր արդյունքների մասին որոշ պատկերացում: Իսկ այդ շրջանակում «հայտնի» դառնալուց հետո պատկերը ձեզ համար ավելի պարզ և ընկալելի կլինի։ Բայց դա չի նշանակում, որ պետք է փորձել շարժվել միայն այս կանոններով. ձեզ պետք է ոչ միայն թելադրել ճաշակ և ներկայացնել ինքներդ ձեզ, այլ նաև գումար վաստակել:
Ձեր թիրախային լսարանի մեջ կարող եք ներառել նաև ոլորտի ինֆլուենսերների ու պոտենցիալ պատվիրատուների՝ չմոռանալով յուրաքանչյուրին յուրովի մոտեցում ցուցաբերել։
Ո՞րն է ձեր ուղերձը
Խոսենք հաջորդ քայլի մասին։ Գիտե՞ք՝ ինչքան ժամանակ է պահանջվում մարդու ուշադրությունը գրավելու համար։ Ընդամենը 8 վայրկյան։ Ահա այսքան ժամանակ ունեք ձեր հաղորդագրությունը, միտքը թիրախային լսարանին ներկայացնելու համար։ Իսկ սա նշանակում է, որ պետք է լավ մշակել ուղերձը, որպեսզի այն հասնի իր նպատակակետին:
Ցանկալի արդյունք ստանալու համար կարևոր է ունենալ պարզ ու հիշվող հաղորդագրություն։ Ձեր բրենդի ուղերձի հիմքում պետք է լինի ներքին համոզմունք, մարդկանց համոզելու հեռանկար: Այն նաև պետք է ներառի շրջապատողների միահամուռ գիտակցությունը: Համենայն դեպս, այդպես է կարծում Traction ընկերության հիմնադիր ու տնօրեն Ադամ Կլայնբերգը։
Արդեն մտածեցի՞ք, թե ինչպես եք ներկայանալու ձեր լսարանին: Դե, չմոռանաք հնարավորինս հաճախ օգտագործել այդ հնարքները:
Ինչո՞վ եք առանձնանում
Բոլորն էլ ցանկանում են տարբերվել և առանձնանալ ամբոխից ամենախելառ ու տարբերվող բրենդինգով: Անկեղծ ասած՝ միայն ուզելն այնքան էլ բավարար չէ: Պետք է ընդգծել ու խոսել ձեր առանձնահատկությունների մասին: Իսկ ի՞նչ առանձնահատկություններ ունեք դուք: Մտաբերեք և փորձեք օգտագործել դրանք։ Կարող եք անգամ ցանկ կազմել, թե ինչն է ձեզ դարձնում այն միակն ու անփոխարինելին:
Պարտադիր չէ վունդերկինդ լինել, պարզապես փորձեք տարբերվել և կգտնեք ձեր հաջողության բանալին։ Մի խորհուրդ էլ՝ փորձեք հեռու մնալ թեժ թեմաներից, որոնք սուր հակասությունների պատճառ կարող են դառնալ ու արհեստական պատնեշներ ստեղծել ձեր լսարանի հետ շփվելիս: Եղեք հանդուրժող՝ չմոռանալով նաև ձեր արժեքների մասին:
Որո՞նք են ձեր արժեքները
Եթե արդեն հետևել եք նախորդ քայլերին, ուրեմն անցնենք առաջ։ Հիմա եկեք հասկանանք, թե որոնք են ձեր արժեքները, որոնք ուզում եք ներկայացնել հանրությանը։ Ամեն ինչ կախված է ձեր ընտրությունից և ներկայացնելու ձևից:
Ինչպես նշում է Վիրջինիայի տեխնոլոգիաներ և հաշվապահության համալսարանի ղեկավար Կիմբերլի Բարկերը՝ բնական լինելն ու անկեղծությունը այն կորիզն է, որի շուրջ էլ հենց ստեղծվում է անձնական բրենդը։ Այդ մասին նա պատմում է իր օնլայն կուրսում, որտեղ նաև նշում է, որ բնականությունը պետք չէ շփոթել քաղաքավարության հետ։ Երբեմն մարդիկ չեն զգում դրանց տարբերությունը։ Օրինակ՝ պետք չէ ընկերոջը սխալ կարծիք հայտնել, եթե բացասական կարծիք ունեք այս կամ այն հարցում։ Ի վերջո, մեր արժեքները ծառայում են որպես ինդիկատոր, թե ինչ քայլերի արժի դիմել հաջողության հասնելու համար։
Ինչպե՞ս ապահովել օնլայն ներկայություն
Նախորդ կետերը հիմնականում տեսական էին, իսկ հիմա անցնենք ավելի գործնականի։ Քանի որ արդեն որոշել եք՝ որն է ձեր ուղերձը, արժեքները, գիտեք ձեր թիրախային լսարանին ու թե ինչպես աչքի ընկնել, ուրեմն մնում է գտնել այն միջոցը, որի օգնությամբ այդ ողջ ինֆորմացիան կներկայացնեք։ Մենք Ամերիկա չենք հայտնագործի, եթե ասենք, որ լավագույն տարբերակը սոցիալական մեդիան է։
Համոզված ենք, որ ներկա եք գրեթե բոլոր հայտնի սոցցանցերում։ Հենց այստեղ էլ, մի տեղում հավաքելով ձեր հիմնական լսարանը, կարող եք պատմել ձեր մասին, ներկայացնել ձեր արժեքներն ու ձեռքբերումները։ Բայց լսարանի հարցում խորհուրդ ենք տալիս նաև կենտրոնանալ ոչ թե քանակի, այլ որակի վրա, իհարկե եթե երկուսը համատեղել հնարավոր չէ։ Անընդհատ թարմացրեք սոցցանցերում ձեր քոնթենթը՝ ներկայացնելով ձեր պայծառ մտքերն ու կարծիքը այս կամ այն հարցում։
Վերջերս, բացի Facebook, Instagram ու Twitter սոցցանցերից, մեծ տարածում ունի նաև Telegram-ը, որով կարող եք ստեղծել ու վարել ձեր սեփական ալիքը։ Ի դեպ, եթե Facebook-ում կամ Twitter-ում արդեն ձևավորվել են համայնքներ, քննարկվում են հստակ թեմաներ, ապա Telegram-ը դեռ շարունակում է մնալ բազմակողմանի, գրավել նոր հետաքրքրություններով մարդկանց: Ձեզ մնում է միայն մտածել տարբերվող մի անուն, հրավիրել ձեր լսարանին ձեզ հետևելու և ներկայացնել հետաքրքիր ու որակյալ քոնթենթ:
Էլ ի՞նչ է պետք
Գիտե՞ք՝ էլ ինչը կարող է օգնել մեծացնել ձեր օնլայն ներկայությունը. իհարկե ձեր սեփական վեբկայքը և անհատական բլոգը։ Անձնական բրենդինգի հարցում կայքը մեծ քայլ է, քանի որ այն լինում է ձեր սեփական անկյունը, որտեղ կարող եք լավագույնս ներկայացնել ձեզ։ Ունե՞ք պորտֆոլիո, շատ լավ, կարող եք ցուցադրել այն կայքում։ Կարող եք նաև ավելացնել սոցցանցերի ձեր հաշիվների հղումները՝ հեշտացնելով ձեզ գտնելու գործը։ Սա ձեր հնարավորությունն է ներգրավել հազարավոր նոր օգտատերերի և պոտենցիալ գործընկերների:
Ամեն ինչ մեկ տեղում, հարմար է ու օգտակար, այնպես չէ՞։
Իսկ եթե հիմա մտածում եք՝ թե ինչպես ստեղծել ձեր կայքը, ապա հիշեք, որ Ucraft-ի կայքերի պատրաստման ինտուիտիվ հարթակում կարող եք գտնել անհրաժեշտ բոլոր գործիքները։ Այստեղ հաշված րոպեների ընթացքում կարող եք ստանալ ձեր դիզայնով և բովանդակությամբ բազմաֆունկցիոնալ կայք՝ առանց մտահոգվելու տեխնիկական խնդիրների մասին։
Կայքում կարող եք ներառել նաև ձեր բլոգը, որը կօգնի ապահովել բարձր հաճախելիություն։ Կարող եք իրագործել ցանկացած միտք, որը կնպաստի ձեր անձնական բրենդի տարածմանը։ Ու հիշեք, որ առաջին տպավորություն թողնելու համար ունեք ընդամենը մեկ հնարավորություն։ Այնպես որ բաց մի թողեք լավ ներկայանալու ձեր շանսը։
Ո՞վ է առանձնանում անձնական բրենդով
Թվում է, թե այդքան էլ բարդ չէ, բայց հաջողակ անձնական բրենդ ստեղծելու հարցում մեծ ջանքեր են պահանջվում: Ցանկանու՞մ եք իմանալ, թե Հայաստանում ում է հաջողվել ստեղծել հաջողակ անձնական բրենդ: Բերենք մի քանի օրինակ:
Սամվել Մարտիրոսյան
Երևի շատ է եղել, որ հանդիպեք մեդիա փորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ, Hoory-ի գործադիր տնօրեն Սամվել Մարտիրոսյանի խորհուրդներին։ Իր գիտելիքների ու ներկայացման շնորհիվ Սամվելի մասին արդեն գիտեն գրեթե բոլորը։
Սամվելին կարող եք գտնել ցանկացած սոցիալական հարթակում՝ Twitter-ից մինչև Academia.edu։ Նա ակտիվորեն հետևում է իրադարձություններին, անդրադառնում ամենատարբեր հարցերի և արտահայտում իր կարծիքը: Սամվելը նաև կիսվում է տարբեր նորություններով իր Telegram-ի ալիքում՝ Samvel Martirosyan On Air անունով, որին հետևում է ավելի քան 10.000 օգտատեր։
Կարևոր է նշել, որ Սամվելն ունի սեփական կայք՝ իր օնլայն անձնական տարածքը, որտեղ նա կիսվում է մեդիա գրագիտության վերաբերյալ իր գրառումներով։
Մեր թիմից շատերը նունպես Սամվելի հետևորդներն են։ Կարող եք դուք ևս գտնել հետաքրքիր գրառումներ, հետևել նրան ու շարժվել այս օրինակով՝ անձնական բրենդը զարգացնելու ճանապարհին։
Արա Ասլանյան
Եթե դեռ չգիտեք Արային, ապա նշենք, որ նա դիզայներ է ու կրեատիվ մտքերի «գեներատոր»։ Նա ևս աչքի է ընկնում իր անձնական բրենդով։ Արոն արդեն հասցրել է ձեռք բերել իրեն հետևող մեծ լսարան, որի հետ կիսվում է իր աշխատանքներով ու մտքերով սոցցանցերում։
Բացի իր պորտֆոլիոյից, որը հավանաբար բոլոր դիզայներներն ունեն, նա ունի իր սեփական կայքը, որտեղ ևս ներառել է տարբեր ժամանակների իր դիզայն աշխատանքները:
Արոն հենց ինքը վարում է դասընթացներ դիզայնի մասին, ինչը նշանակում է, որ նրան հաջողվել է ստեղծել անձնական բրենդ, ձևավորել իր լսարանը և ձեռք բերել հեղինակություն այդ ոլորտում:
Դե ինչ, արդեն մտածեցի՞ք, թե ինչից պետք է սկսել ձեր անձնական բրենդի ստեղծումը։ Ձեզ մնում է պարզապես հետևել մեր խորհուրդներին, ստեղծել ակտիվ անձնական հարթակներ և անցնել գործի: Մաղթում ենք հաջողություն ու լի՜քը նոր հետևորդներ: